Գերեզմանատանը հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի. ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված տղամարդուն, խնդրում ենք դիմել քննչական բաժին (Լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները:
2017թ. ապրիլի 29-ին՝ ժամը 10:35-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ 3-րդ գյուղի գերեզմանատանը տղամարդու դի կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի «Շահումյան 2» գերեզմանատան 2-րդ հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մարմնական վնասվածքների հետքերով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Փորձաքննության կատարման ընթացքում փորձագետները գլխի ճակատային շրջանի, աջ և ձախ այտաթշային շրջանների, կզակի, արմնկային, քթի շրջաններում հայտնաբերել են քերծվածքներ, ինչպես նաև՝ արյունազեղումներ՝ գլխի փափուկ հյուսվածքների, ձախ ճակատային և հետին մակերեսի, կրծքավանդակի աջ և ձախ կեսերի մակերեսներին։
Դիակի ինքնությունը պարզելու համար նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։
Կից հրապարակում ենք հայտնաբերված դիակի լուսանկարները և խնդրում բոլոր նրանց, ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված տղամարդուն կամ որևէ տեղեկություն ունեն նրա վերաբերյալ, դիմել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Տղամարդն ունի սլավոնական արտաքին՝ սպիտակամաշկ է, աչքերը և մազերը բաց գույնի, հագին եղել է սև գույնի կիսասպորտային անդրավարտիք, սև գույնի բարակ փայլուն կտորից բաճկոն՝ գլխանոցով, մոխրագույն սվիտեր, սև գույնի մարզակոշիկներ, սև գույնի կտորից գլխարկ:
Հայցում ենք տուժողի հարազատների և համաքաղաքացիների ներողամտությունը՝ վնասվածքների հետքեր արտացոլող լուսանկարի հրապարակման համար։