10-ամյակի վերաբերյալ լրահոս
25.09.24, 18:21

Գիտաժողով-սեմինար՝ ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ. մասնակցել են հանրապետության բոլոր առաջատար գիտակրթական կենտրոնները (լուսանկարներ)

Գիտաժողով-սեմինար՝ ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ. մասնակցել են հանրապետության բոլոր առաջատար գիտակրթական կենտրոնները (լուսանկարներ)

 

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է իր կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շարքը։

Այդ համատեքստում սեպտեմբերի 23-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպվել է «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինար՝ Հայաստանում իրավաբանական կրթություն ապահովող գիտական, բարձրագույն ուսումնական և հետբուհական կրթական բոլոր առաջատար հաստատությունների՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, «Ռուս-Հայկական» (Սլավոնական) համալսարանի, Հայաստանում ֆրանսիական  համալսարանի, Հայաստանի եվրոպական  համալսարանի, ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ներգրավմամբ։

Գիտաժողով-սեմինարը նվիրված էր ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման և կայացման անցած 10-ամյա ճանապարհի, այդ ընթացքում իրականացրած գործունեության, դատաիրավական համակարգում ունեցած դերակատարության վերլուծությանը, ինչպես նաև` առկա խնդիրների հաշվառմամբ  զարգացման հեռանկարների քննարկմանը։

Բացման խոսքում ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է Քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ և նշել, որ գիտաժողովի անցկացումը ոչ միայն Կոմիտեի 10-ամյա պատմությունը գիտական, ակադեմիական միջավայրում վերլուծության ենթարկելու, գնահատման ուղղորդիչ նշանակություն ունի, այլ նաև ընդգծում է Հանրապետության գիտակրթական ու գիտահետազոտական առաջատար կենտրոնների ներուժը Կոմիտեի կարողությունների զարգացմանն ավելի նպատակաուղղելու, համագործակցության գիտապրակտիկ նոր հնարավորությունների նախանշմամբ հաջորդ 10-ամյակ մուտք գործելու նպատակ։

Գիտաժողովի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր Արմեն Խաչատուրյանը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի ստեղծման իրավաքաղաքական, պատմական նախադրյալները, միասնական և ինքնուրույն նախաքննական մարմնի ձևավորման ուղին, իրավական հիմքերն ու նպատակները, մանրամասն անդրադարձել է կայացման անցած 10 տարիների բոլոր ձեռքբերումներին ու խնդիրներին, ոլորտում իրականացված կառուցվածքային ու գործառութային բարեփոխումներին և հետագա զարգացմանը միտված ՀՀ ՔԿ հայեցակարգային մոտեցումներին։

Գիտաժողովին մասնակից գիտաուսումնական հաստատությունների ղեկավարները ողջույնի և շնորհավորական խոսք են հղել ՀՀ քննչական կոմիտեին՝ հոբելյանի կապակցությամբ։ Նրանք արժևորել են քրեական արդարադատության ոլորտում Կոմիտեի առաքելությունը, իրավակարգի պահպանության, հանրապետոությունում քրեական քաղաքականության մշակման և իրականացման ուղղություններով գործադրած ջանքերը, մատնանշել նախընթաց շրջանում Կոմիտեի հետ գործակցության կարևոր արդյունքները։ Ընդգծվել է 10-ամյա հոբելյանը նաև գիտաժողովի անցկացմամբ նշանավորելու կարևորությունը։

Բուհերի մի շարք ուսանողներ հանդես են եկել իրավապահ համակարգում Կոմիտեի դերակատարությանը, քննիչների գործառույթներին առնչվող քրեադատավարական ընթացակարգերի կիրարկմանը, քրեական իրավունքի զարգացման  հիմնահարցերին նվիրված զեկույցներով։

Կատարած աշխատանքի համար Արգիշտի Քյարամյանը ուսանողներին շնորհակալագրեր է հանձնել՝ նշելով, որ Կոմիտեի դռները բաց են բուհերի լավագույն շրջանավարտների համար։