Լրահոս
04.12.14, 11:24

Գործն ուղարկվել է դատարան՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ

Գործն ուղարկվել է դատարան՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ  բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Համլետ Մելիքյանի առողջությանը դիտավորությամբ` կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի 8-րդ շենքի մոտ քաղաքացի Վ.Ավետյանը վիճաբանել է նույն քաղաքի բնակիչ Համլետ Մելիքյանի հետ և դիտավորությամբ՝ վերջինիս կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակի և որովայնի շրջանին։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել` Վ.Ավետյանի կամքից անկախ հանգամանքներում. Համլետ Մելիքյանն օգնություն է կանչել, ինչին արձագանքելով՝ քաղաքացի Հ.Սուքիասյանը միջամտել է վիճաբանությանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մինչդատական վարույթում պարզվել է նաև, որ Վ.Ավետյանը հաշվառված է ՀՀ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում՝ «Շիզոֆրենիա պարանոիդ ձև՝ անձի իջեցումով» ախտորոշմամբ, որի պատճառով նրա նկատմամբ կատարվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն: Արդյունքում՝ հաստատվել է հոգեկան հիվանդությունը, և նա ճանաչվել է անմեղսունակ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 457-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ մեղադրյալ Վ.Ավետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 2014 թվականի հոկտեմբերի 15-ին վերացվել է և որպես անվտանգության միջոց՝ կիրառվել հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը. նա տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա:

Նկատի ունենալով, որ Վ.Ավետյանը վերոգրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, ուստի՝ քրեական գործը՝ նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու եզրափակիչ որոշմամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին. որոշումը հաստատվել է և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: