Լրահոս
10.08.23, 14:28

Գյումրիում օգոստոսի 6-ին կատարված սպանության համար կասկածվող անձին մեղադրանք է ներկայացվել․ վերջինս կալանավորվել է

Գյումրիում օգոստոսի 6-ին կատարված սպանության համար կասկածվող անձին մեղադրանք է ներկայացվել․ վերջինս կալանավորվել է

Պարզվել են 2023թ․ օգոստոսի 6-ի գիշերը Գյումրի քաղաքում տեղի ունեցած՝ սուր կտրող-ծակող գործիքով մեկ անձի սպանության, ևս մեկ անձի ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքի մի շարք էական հանգամանքներ։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Գյումրի քաղաքի Կարմիր Բերդ 1 հասցեում գործող «Չերքեզի Ձոր» ռեստորանում բարբառի շուրջ վիճաբանություն է ծագել նույն ռեստորանի աշխատակիցների՝ Գյումրիի բնակիչ, 30-ամյա  Ա.Մու.-ի և Մասիս խոշորացված համայնքի բնակիչ 36-ամյա Ա.Մկ.-ի միջև, որը շարունակելու նպատակով վերջիններս պայմանավորվել են հանդիպել աշխատանքի ավարտից հետո։

Օգոստոսի 6-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, հիշյալ ռեստորանից քիչ հեռու՝ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի դիմաց, վիճաբանությունը շարունակվել է, ինչին միջամտել է Ա․Մու․-ի մտերիմ ընկեր՝ 36-ամյա Ա.Սարդարյանին։ Այդ ընթացքում Ա.Մկ.-ն, նախապես իր հետ վերցրած դանակով հարվածել է Ա. Մու.-ին, ինչի արդյունքում վերջինին պատճառել է աջ նախաբազկի վնասվածք։ Ա.Մկ.-ն նաև մեկ անգամ հարվածել է Ա.Սարդարյանի կրծքավանդակի ձախ կեսի միջկողային հատվածին՝ հասցնելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք՝ այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինիս, ինչից հետո նա դիմել է փախուստի։

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Ա.Մկ.-ն հայտնաբերվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։

2023 թվականի օգոստոսի 8-ին նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինս իրեն մասնակի մեղավոր է ճանաչել:

Օգոստոսի 9-ին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: