Գյուղապետարանի մոտ կրակել է համագյուղացու ուղղությամբ. Հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հացավանի բնակիչ, 27-ամյա Մ.Գասպարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։
2014 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 23.25-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ աջ կոնքազդրային հոդի շրջանի հրազենային վերք, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչ Մ.Գասպարյանը:
Քննությամբ պարզվել է, որ գյուղապետարանի դիմաց Մ.Գասպարյանը վիճաբանել է նույն գյուղի՝ 34-ամյա մեկ այլ բնակչի հետ, որի ժամանակ էլ վերջինս հրացանով կրակել է Մ.Գասպարյանի աջ կոնքի շրջանին։
Առերեւույթ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է, իսկ հրացանը՝ առգրավվել։
Նշանակվել են փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտման համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: