Լրահոս
14.09.20, 12:33

Գյումրի քաղաքի 46-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համաքաղաքացուն թմրամիջոց ներարկելու եղանակով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, պետական սահմանն ապօրինի հատելու համար

Գյումրի քաղաքի 46-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝  համաքաղաքացուն թմրամիջոց ներարկելու եղանակով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, պետական սահմանն ապօրինի հատելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 46-ամյա բնակչի կողմից  համաքաղաքացուն թմրամիջոց ներարկելու եղանակով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանը հատելու դեպքերի հանգամանքները:    

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. մարտին 46-ամյա տղամարդը,  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում խցակցին տեղեկացնելով իր վերաբերյալ դեռևս դատաքննության փուլում գտնվող`  առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործով տուժող` Գյումրի քաղաքի՝ 1983թ. ծնված բնակչից վրեժխնդիր լինելու շարժառիթով, մեծ չափաբաժնով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ներարկելու ու թմրանյութային գերդոզավորում ձևացնելու եղանակով ապօրինաբար կյանքից զրկելու մտադրության մասին, ստացել է նրա համաձայնությունը՝ գումարի դիմաց Գյումրի քաղաքի բնակչի սպանությանը հանցակցելու վերաբերյալ: Խցակիցը, քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում կուտակված պարտքերի պատճառով լինելով ֆինանսական ծանր կացության մեջ, կապ է հաստատել կնոջ հետ, դրդել վերոնշյալ գործողությունները կատարելուն  և ստացել նրա համաձայնությունը:

Վերջինս, հանդես գալով որպես մարմնավաճառ, համապատասխան ծառայություններ մատուցելու պատրվակով 2018թ. մարտի 7-ի երեկոյան Երևան քաղաքից մեկնել է Շիրակի մարզում գործող գազալցակայան, որտեղ ՍՊ ընկերության աշխատակիցը, ով նախապես սպանությանն օժանդակելու վերաբերյալ պատրաստակամություն էր հայտնել, ծանոթացրել է նրան տուժողի հետ և կազմակերպել նրանց հանդիպումը, որի ժամանակ վերոնշյալ կինը 1983թ. ծնված տղամարդու աջ և ձախ ձեռքերի արմնկային հոդերի երակներից ներարկել է ապօրինի կերպով ձեռք բերված մեծ չափաբաժնով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որից հետո` մարտի 8-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, ՍՊ ընկերության աշխատակցի նախաձեռնությամբ, թմրանյութային գերդոզավորման ազդեցության տակ գտնվող տղամարդուն գազալցակայանին փաստացի պատկանող «Վազ 21054» մակնիշի ավտոմեքենայով, տեղափոխել և անօգնական վիճակում թողել են Շիրակի մարզի Ազատան-Արևիկ գյուղերի ճանապարհների հատման խաչմերուկում:

Նույն օրը՝ ժամը 08։00-ին,  վերջինս հայտնաբերվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մահացել է` արտածին նյութերով սուր թունավորումից:

Բացի այդ, 2019թ. մարտի 2-ին, 46-ամյա տղամարդը, 1983թ. ծնված տղամարդու սպանությունը կազմակերպելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին, ենթարկվել անձնական խուզարկության, վերցվել է նրա՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը: Վերջինս, օգտվելով ազատ տեղաշարժվելու իր իրավունքից, մինչև սեպտեմբերի 5-ը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը դեպի արտերկիր՝ այդ կերպ խախտելով պետական սահմանի անձեռնմխելիությունը և ժամանակավոր բնակություն է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այնուհետև՝ 2020թ. հունվարի 22-ին՝ ժամը 23:21-ի սահմաններում, վերջինս կծաքցանի օգտագործմամբ կտրելու եղանակով հաղթահարել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղակայված սահմանապահ վարչության զորամասի ինժեներատեխնիկական սահմանապատնեշը՝ ցանցապարիսպը, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից դեպի Հայաստանի Հանրապետություն հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, որի հետևանքով գործարկվել է սահմանի տագնապային ազդանշանը, և նա բռնվել է սահմանապահ ուղեկալի ծառայողների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի (սպանությանն օժանդակելը) 2-րդ մասի 8-րդ կետով, 38-266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելուն կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելուն օժանդակելը) 1-ին մասով, 329-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: