Լրահոս
11.03.22, 13:40

Գյումրի քաղաքի երկու բնակիչներ կալանավորվել են ավազակություն կատարելու մեղադրանքով (լուսանկարներ)

Գյումրի քաղաքի երկու բնակիչներ կալանավորվել են ավազակություն կատարելու մեղադրանքով (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է գազալցակայանի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. փետրվարի 5-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, զինված ինքնաձիգով և մուրճով, գումար հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Գյումրու Խանջյան փողոցում գտնվող գազալցակայան և կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, կրակելով հատակին և պատին, աշխատակիցներից գումար են պահանջել և հափշտակելով դրամարկղում առկա շուրջ 150.000 ՀՀ դրամ գումարը՝ դիմել են փախուստի:

Քննությամբ պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած  անձանց ինքնությունը, ովքեր Գյումրի քաղաքի՝ 1990թ. և 1994թ. ծնված բնակիչներ են:

Իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են՝ խմբի կազմում, հրազենի գործադրմամբ, շինություն ապօրինի մուտք գործելով ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի բնակարանում հայտնաբերվել և վերցվել են «AKM 47» մոդելի 7,62մմ տրամաչափի ինքնաձիգն իր փամփշտատուփով՝ լիցքավորված 4 փամփուշտով, նույն տրամաչափի 9 փամփուշտ, 14 հատ դանակ, ձեռնոցներ, իսկ մյուսի բնակարանից՝ «AKC» մոդելի ինքնաձիգ, 11 փամփուշտ, 3 հատ դանակ, 12 փաթեթ «Մարիխուանա» և 1 փաթեթ «Շոկո» տեսակի թմրամիջոցներ, առգրավվել են դեպքի պահին առերևույթ հանցագործություն կատարած անձանց հագին եղած հագուստները, նշանակվել են դատաձգաբանական, դատաքրեագիտական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատագենետիկական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: