Լրահոս
06.05.20, 07:57

«Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ում թույլ տրված չարաշահումների արդյունքում պատճառված վնասը մասնակի վերականգնվել է տնօրենի կողմից. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

«Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ում թույլ տրված չարաշահումների արդյունքում պատճառված վնասը մասնակի վերականգնվել է տնօրենի կողմից. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենը, 2012թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, 2012-2018 թվականներին, վատնման եղանակով հափշտակել է ՓԲ ընկերությանը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 34.389.844 ՀՀ դրամ, ինչպես նաև որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.861.073 ՀՀ դրամ:

Մասնավորապես՝ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենը, իր կնոջը, ազգականին և ծանոթին հրամանագրել է ՓԲ ընկերությունում՝ որպես աշխատակիցներ, ապա՝ նրանց կողմից փաստացի աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, նրանց աշխատավարձ վճարելու նպատակով, ընկերության համապատասխան աշխատակիցներին հանձնարարել է վերջիններիս տվյալները ներառել աշխատավարձերի ցուցակներում, որոնք ամեն ամիս հաստատել է: Արդյունքում՝ մինչև 2018թ. սեպտեմբերը ՓԲ ընկերության միջոցներից նշված անձանց վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.577.344 ՀՀ դրամ:

Բացի այդ, 2012թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերության տնօրենը ստացել է ընկերությունում իրականացված դիահերձումների՝ պետականորեն սահմանված գումարների մի մասը, հարկային մարմիններին ներկայացրել իրականից ավելի քիչ քանակությամբ կատարված դիահերձումների վճարներ, իսկ մնացած` առանձնապես խոշոր չափերով գումարը, չմուտքագրելով դրամարկղ, յուրացման եղանակով հափշտակել է: Ինչպես նաև՝ 2013թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերության անունից Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շենքերից մեկում իրականացրել է դիահերձումներ, տրամադրել մահվան բժշկական վկայականներ և ստացել յուրաքանչյուր դիահերձման համար պետականորեն սահմանված գումարը: Վերջինս կատարված դիահերձումների դիմաց ստացված գումարները չի մուտքագրել ՓԲ ընկերության դրամարկղ՝ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 25.812.500 ՀՀ դրամ:

Բացի այդ, Շիրակի մարզի երկու բնակչի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն, ինչպես նաև՝ ծառայության գծով հովանավորչություն կատարելու համար, 2012թ. հուլիսի 21-ից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՓԲ ընկերության տնօրենը վերջիններից որպես կաշառք մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.861.073 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով  (3 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս կնոջը և ազգականին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի (յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Շիրակի մարզի երկու բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության ընթացքում «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենի կողմից, որպես պատճառված վնասի  փոխհատուցում, վերականգնվել է 8.578.000 ՀՀ դրամ:

Քրեական գործից նշված մեղադրյալների մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

ՓԲ ընկերության տնօրենի ծանոթին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին և հայտարարվել հետախուզում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: