Հանրապետության հրապարակում ակցիաների ժամանակ Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից սառը զենք կրելու դեպքի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային հավաքի ընթացքում ապօրինի կերպով սառը զենք կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:10-ին, Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային ակցիայի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Երևան քաղաքի Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկից, սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են տեղափոխել Երևան քաղաքի 27-ամյա բնակչի, ում խուզարկությամբ հայտնաբերվել է 12.5 սմ շեղբի երկարությամբ դանակ:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակված դատաքրեագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նշված դանակը գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակ է և հանդիսանում է քաղաքացիական շեղբավոր սառը զենք:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին: