Հափշտակել են դեղատան դրամարկղը. հարուցվել է քրեական գործ
ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան դրամարկղը հափշտակելու դեպքի առթիվ։
2017թ. մարտի 3-ին՝ ժամը 21:56-ին, առերեւույթ հանցագործություն կատարած անձը բաց դռնից մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան 11/41 հասցեում դեղատուն և, դեղագործի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացահայտ հափշտակել դեղատան դրամարկղը, ապա՝ դիմել փախուստի։ Նախնական տվյալներով՝ դրամարկղում եղել է մոտ 850.000 ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով։ Իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: