Հարուցվել է քրեական գործ՝ 81-ամյա քաղաքացուն պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է 81-ամյա տղամարդու մահը։
2015 թվականի հունվարի 18-ին ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության թիվ 64 անձնակազմը կանչով մեկնել է «Էրեբունի» քոլեջի մոտ, որտեղ հայտնաբերել է տարեց մարդու դի:
Քննությամբ պարզվել է, որ մահացած տղամարդը ՀՀ քաղաքացի Ռ.Խաչատրյանն է, ում դիահերձմամբ հայտնաբերվել են կոնքի աջ կեսի ոսկրերի բազմաթիվ բեկորային կոտրվածքներ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հունվարի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Նախաքննությամբ պարզվել են Ռ.Խաչատրյանի ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները. ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նա դրանք ստացել է վայր ընկնելու հետևանքով։
Այսպես՝ Ռ.Խաչատրյանը 2015 թվականի հունվարի 18-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Եղբայրության և Չեխով փողոցների հարակից տարածքի ավտոկայանատեղի մոտ վայր է ընկել ասֆալտապատ ճանապարհին և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել բժշկական կենտրոն։
11.06.2015թ. ստացված հանձնաժողովային փորձաքննության թիվ 61/հձ եզրակացության համաձայն` շտապօգնության աշխատակիցների, մասնավորապես՝ բժշկի կողմից ցուցաբերած բուժօգնության ժամանակ խախտումներ և բացթողումներ թույլ չեն տրվել. ախտորոշվել է «աջ ազդոսկրի վզիկի կոտրվածք» և կայացվել ճիշտ որոշում` հիվանդը տեղափոխվել է բազմապրոֆիլային հիվանդանոց: Սակայն բժշկական կենտրոնում նրան չեն պահել դինամիկ հսկողության տակ։
Քննությամբ պարզվել է, որ «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունք ընդունվելուց հետո կատարվել է Ռ.Խաչատրյանի կոնքոսկրերի ռենտգեն հետազոտություն, որի ժամանակ ռենտգենոլոգի կողմից չեն հայտնաբերվել կոնքի ոսկրերի կոտրվածքները, ու հիվանդը դուրս է գրվել, թեև չի կարողացել ինքնուրույն քայլել, տեղաշարժվել։
Քրեական գործով նշանակված հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ եթե հիվանդը գտնվեր հիվանդանոցում, կատարվեին գործիքային և լաբորատոր հետազոտություններ, ապա հնարավոր կլիներ հայտնաբերել կոնքոսկրերի կոտրվածքների և հետորովայնամզային տարածության արյունահավաքի առկայությունները:
Կատարված ռենտգեն նկարները որակապես եղել են թերի (կատարվել են հիվանդի հարկադրական դիրքի պայմաններում), որոնցում կոտրվածքների առկայությունը որոշելը, մասնագիտական տեսանկյունից, դասվում է դժվար տարբերակների շարքին: Նման ռենտգեն արդյունքների առկայության դեպքում բժիշկ վնասվածքաբանը հիվանդին պետք է պահեր դինամիկ հսկողության տակ և ախտորոշումը ճշտելուց հետո ուղարկեր ստացիոնար բուժման:
Այսինքն՝ փորձագետների եզրակացությամբ՝ հիվանդը նման վիճակում, երբ չի կարողացել ինքնուրույն քայլել, տեղաշարժվել, պետք է մնար «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունքում երկարատև հսկողության տակ, և կատարվեին կրկնակի հետազոտություններ, ԿՏ համակարգչային շերտագրում:
Նշված գործողությունների չկատարումը բերել է բուն հիվանդության` վնասվածքների չախտորոշմանը և հետագայում հիվանդի վիճակի ծանրագույն բարդացմանը՝ մահվան ելքի առաջացմամբ:
Քննությամբ նաև պարզվել է, որ նախքան մահանալը Ռ.Խաչատրյանի մոտ եղել է մատանի և գումար, ինչը հետագայում չի հայտնաբերվել։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2015 թվականի հունիսի 17-ին որոշում է կայացվել կարճել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործի վարույթը` հանցադեպի բացակայության հիմքով:
Նախաքննության նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ) և 177-րդ հոդվածի 1-ին մասով (գողություն՝ զգալի չափերով)։
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ ՔԿ արխիվից