Հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ։
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 5-ին բերման է ենթարկվել մի տղամարդ, ում մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պարունակող հոգեմետ հաբեր:
Մասնավորապես՝ անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող «B8» գրառմամբ 29 հաբ։ Դրանք, նախնական տվյալներով, տղամարդը ձեռք է բերել՝ իրացնելու նպատակով։
Դեքպի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նույն օրը տղամարդը ձերբակալվել է:
Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, տղամարդու բնակավայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է նաև «Սուբուտեքս» տեսակի 36 հաբ:
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հոգեմետ նյութերի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: