Լրահոս
16.12.16, 10:41

Հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից  առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2016թ. դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան` ժամը 05:20-ի սահմաններում, վնասելու եղանակով բացել է «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատը և հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Դեպքի վայրի զննությամբ բանկոմատի մակերեսից վերցվել են պայթյունի արգասիքների փորձանմուշներ, հարակից տարածքից հատնաբերվել է թվով 2՝ գազի և թթվածնի համար նախատեսված գազաբալոն՝ իրենց մալուխով և թափանցիկ ռետինե խողովակով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։ Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։