Լրահոս
25.01.17, 14:42

Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական հաստատությունում բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական հաստատությունում  բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական հաստատությունում  երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

2017 թվականի հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 03-ի սահմաններում, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։

Պարզվել է, որ երիտասարդ աղջիկը բժշկական օգնության նպատակով «Կապանի ԲԿ» է տեղափոխվել հունվարի 16-ին. նախնական տվյալներով՝ անձնական խնդիրների պատճառով նա փորձել է ինքնասպան լինել՝ խմելով մեծ քանակությամբ դեղահաբեր և տեղափոխվել բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Հունվարի 17-ի ուշ երեկոյան հիվանդը տեղափոխվել է բժիշկների սենյակ, որտեղ էլ, ըստ հաղորդման, հունվարի լույս 18-ի գիշերը, բժիշկներից մեկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել, ինչին դիմադրել է, կծել բժիշկի ձեռքերը, հրել նրան։

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել հարազատներից, բուժանձնակազմից, կատարվել դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Նկատի ունենալով, որ հաղորդումը պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2017թ. հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: