Հարուցվել է քրեական գործ՝ դպրոցահասակ տարիքի երեխայի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2006 թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
2017թ. սեպտեմբերի 5-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 12:30-ին, Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել 4-րդ ավտոմեքենան՝ «Հոնդա» մակնիշի։ Վերջինիս վարորդը ներկայացել է քննությանը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Նախնական տվյալներով՝ 27-ամյա վարորդը՝ ԱԻՆ-ի աշխատակից, իր «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարելիս խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, որի հետևանքով վերջինիս վարորդը մանևրել է և դուրս գալով հանդիպակաց գոտի՝ բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին, իսկ ինքը թողել է դեպքի վայրը և հեռացել:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: