Լրահոս
28.07.20, 05:47

Հարուցվել է քրեական գործ՝ Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից առերևույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ ՀՀ Արմավիրի նախկին մարզպետի՝ 24.08.2018թ. թիվ 287 որոշմամբ՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է  նշանակվել նույն գյուղի բնակիչը: Նշված  որոշումը Եղեգնուտ համայնքի նախկին ղեկավարի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան, որի որոշմամբ` Արմավիրի նախկին մարզպետի` «ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» որոշումն անվավեր  է ճանաչվել, և այն մտել է օրինական ուժի մեջ:

ՀՀ Արմավիրի մարզպետի՝ 22.06.2020թ. որոշմամբ ևս անվավեր է ճանաչվել Արմավիրի նախկին մարզպետի հիշյալ որոշումը, ապա մարզպետի մեկ այլ որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ` Եղեգնուտ համայնքում ընդունման-հանձնման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Աշխատանքային խումբը 2020թ. հուլիսի 8-ից 15-ն այցելել է Եղեգնուտ համայնք, սակայն համայնքի մի խումբ բնակիչներ, համաձայն չլինելով դատարանի, ինչպես նաև՝ Արմավիրի մարզպետի որոշումների հետ, դրանք սահմանված կարգով բողոքարկելու փոխարեն, ինքնակամ արգելափակել են համայնքապետարանի վարչական շենքի մուտքը և դռան վրա փակցրել «Փակ է» գրառմամբ թուղթ: Արդյունքում՝ աշխատանքային խումբը չի կարողացել իրագործել ընդունման-հանձնման աշխատանքները, որի հետևանքով տևական ժամանակ խաթարվել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը, ինչն իր հերթին էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին:

Դեպքի առթիվ 2020թ. հուլիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչությունը) 1-ին մասի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: