Հարուցվել է քրեական գործ՝ Էրեբունիում զինված միջադեպի կապակցությամբ (լուսանկարներ)
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2019թ. փետրվարի 24-ին ահազանգեր են ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը՝ 21:15-ին, «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է ընդունվել 1991թ. ծնված երիտասարդ, իսկ ժամը 21:18-ին «գլխի թիկնային մակերեսի չթափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն է ընդունվել 1993թ. ծնված երիտասարդ, ովքեր հայտարարել են, որ մարմնական վնասվածքներն ստացել են Երևանի Այվազովսկու փողոցում։
Նույն օրը՝ ժամը 22։45-ին, «աջ ազդրի շրջանի հրազենային վերք» ախտորոշմամբ, հոր կողմից ավտոմեքենայով «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Երևան քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1990թ., ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում:
Անմիջապես «Էրեբունի բժշկական կենտրոն» և «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություններ են մեկնել օպերատիվ-քննչական խմբի անդամները և պարզել, որ վերոհիշյալ երեք անձինք հրազենային վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ։
Բժիշկներից ստացված տեղեկանքների համաձայն՝ տուժողներից և ոչ մեկն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու։
Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 24-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ։ Վերոհիշյալ երեք երիտասարդները ճանաչվել են տուժող:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, միջադեպին մասնակից անձանց շրջանակը, դեպքի վայրը, որը հանդիսանում է «ՏԷՑ» կոչվող վայրը:
Մասնավորապես՝ հայտնաբերվել են այն ավտոմեքենաները, որոնցով միջադեպի մասնակիցները դեպքի վայրից հեռացել են: Հայտնաբերված «Տոյոտա Սեկվոյա» ավտոմեքենայի զննությամբ արտաքին մակերեսին հայտնաբերվել են հրազենային վնասվածքներին բնորոշ բազմաթիվ վնասվածքներ, առջևի դիմապակու վրա` բութ գործիքի ներգործությանը բնորոշ վնասվածք, իսկ «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ վարորդի կողապակու վրա` հրազենային վնասվածքին բնորոշ վնասվածք, արնանման հետք, իսկ սրահում՝ արնանման հետքեր, արնանման հետքեր պարունակող բաճկոն, փայտե մահակ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի` 7,62մմ տրամաչափի 2 կրակված պարկուճ, ինքնաձիգի 7,62մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ և 1 գնդակ։ Բացի այդ, հայտնաբերվել է «Տոյոտա Սեկվոյա» ավտոմեքենայի դռանապակու հողմապաշտպան դետալից պոկված հատված, ինչպես նաև՝ «Նիսսան Վերսա» մակնիշի չկողպված դռներով ավտոմեքենա։
Բժշկական կենտրոնից առգրավվել են երիտասարդների հագին դեպքի պահին եղած հագուստները: Կատարվել են հարցաքննություններ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև միջադեպին առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: