Լրահոս
05.05.22, 17:16

Հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, հիշյալ մասնաշենքի դիմաց քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ փողոցը փակել են աղբամաններով, որի հետևանքով խոչընդոտվել է  երթևեկությունը: Բացի այդ, վերջիններս բարձրաձայն վիճաբանել են, քաշքշել  միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, իսկ  նրանցից մեկը ոտքով հարվածել է  փողոցով ընթացող ավտոմեքենային:

Կատարվում է նախաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու  և վերջիններիս  արարքին գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: