Լրահոս
11.01.17, 12:25

Հարուցվել է քրեական գործ՝ Երևանի երկու բնակիչներին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Երևանի երկու բնակիչներին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 10-ին  երկու բնակչի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:

2017 թվականի հունվարի 11-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ 1981թ. ծնված Ա.Սեդրակյանը՝ «ձախ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, ձախ հետույքային շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, և 1986թ. ծնված Ռ.Դավթյանը՝ «գլխի գագաթային շրջանի և ձախ քունքային շրջանի սալջարդ վերք, քթոսկրի բեկորային բաց կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողները բժշկական կենտրոն են տեղափոխվել  Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողողի 184-րդ եւ 190-րդ շենքերի մոտակա հատվածից՝ հունվարի 10-ի ուշ երեկոյան։ Կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: