Հարուցվել է քրեական գործ՝ գողության փորձ կատարելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
2018 թվականի դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել Վահյան փողոցում գտնվող իր բնակարանից կատարված գողության մասին։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ բնակարան ապօրինի մուտք գործած անձն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել և բնակարանից գողացված իրերը թողնելով տան մերձակայքում՝ դիմել է փախուստի:
Օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է բնակարանից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը, ով նախկինում դատված, 1960 թվականն ծնված, Երևան քաղաքի բնակիչ է: Վերջինս գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է՝ նրա կողմից այլ հանցագործությունների կատարումը և վարույթ իրականացնող մարմնից թաքնվելը կանխելու հիմքով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։