Լրահոս
25.03.16, 09:25

Հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 3 հիվանդանոցի տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 3 հիվանդանոցի տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ


ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 3 հիվանդանոցի տնօրեն Արտուշ Ասատրյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։

2016 թվականի մարտի 25-ին` ժամը 8:30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ երկու հոգի հարձակվել են ամուսնու՝ Արտուշ Ասատրյանի (Գյումրի քաղաքի թիվ 3 հիվանդանոցի տնօրեն) վրա և ծեծել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ Ա.Ասատրյանը 2016 թվականի մարտի 25-ին՝ ժամը 8.20-ի սահմաններում, տանից դուրս է եկել բակ: Րոպեներ անց կինը լսել է բարձր ձայներ և դուրս գալով բակ՝ տեսել, որ ամուսինն ընկած է գետնին, իսկ դիմակավորված երկու անձ մահակներով հարվածում են նրան: Կնոջը տեսնելով՝ դիմակավորված անձինք դիմել են փախուստի։

Ա.Ասատրյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ «գլխի ջնջխված վերքերով և կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վնասվածքով»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։

Ստեղծվել է քննչական խումբ և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։