Հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին, 1976 թվականին ծնված տղամարդը, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել է վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ` դուրս բերել դեպքի վայրից և դիմել փախուստի` այդ կերպ իրականացնելով նրա կյանքի և առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332 –րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ձեռնարկված մի շարք անհետաձգելի գործողությունների արդյունքում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան և 1976 թվականին ծնված տղամարդը հայտնաբերվել են:
Վերջինս ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: