Լրահոս
06.04.16, 16:25

Հարուցվել է քրեական գործ՝ կալանավորի փախուստի դիմելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ կալանավորի փախուստի դիմելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ամբաստանյալ Ս.Դանիելյանի՝ դատարանի կալանավորներին պահելու համար նախատեսված խցից փախուստի դիմելու դեպքի առթիվ։

 

Նախնական տվյալներով՝ դատապարտյալ, ներկայումս մեկ այլ քրեական գործով ամբաստանյալ Ս.Դանիելյանը 2016թ.-ի ապրիլի 5-ին ,Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մասնակցելու իր քրեական գործով դատական նիստին, որի ավարտից հետո գտնվել է նույն դատարանի կալանավորներին պահելու համար նախատեսված խցում։ Ժամը 17:30-ի սահմաններում, ձեռնաշղթայով փակված ճաղավանդակը բացելու միջոցով դուրս է եկել դատարանի շենքից, ապա դատարանի ավտոկայանատեղիի պարսպի վրայից ցատկելու միջոցով դիմել փախուստի:

 

Դեպքի առթիվ 2016թ.-ի ապրիլի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով։

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու, թե ինչպես է կալանավորին հաջողվել բացել ճաղավանդակը։

 

Ապրիլի 6-ին քննիչը որոշում է կայացրել՝ Սպարտակ Դանիելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: