Լրահոս
06.05.22, 11:58

Հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված քայլերթի մասնակիցների կողմից Երևան քաղաքի Չարենցի փողոցում կատարված խուլիգանության դեպքի առթիվ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական  վարչության  ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված քայլերթի մի խումբ մասնակիցներ, հայհոյանքներ հնչեցնելով և բռնություն գործադրելու սպառնալիքներով, փորձել են ճեղքել հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կազմած «կենդանի պատը» և մուտք գործել Երևան քաղաքի Չարենց փողոցում գտնվող տներից մեկի դարպասներից ներս:

Կատարվում է նախաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու  և վերջիններիս  արարքին գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: