Լրահոս
16.03.15, 16:07

Հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ

Հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

2015 թվականի մարտի 12-ին՝ ժամը 17։50-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի բնակիչ Ջ.Սարգսյանը։ Նույն օրը՝ ժամը 19։05-ին, Չարենցավանի ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ Նուռ-Նուս գյուղի տարածքում գործող ավազի հանքի տարածքում մահացել է Չարենցավանի բնակիչ Գևորգ Բուկուշյանը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ջ.Սարգսյանը եւ Գ. Բուկուշյանը 2015 թվականի փետրվար ամսից աշխատել են Սևան-Երևան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող, Նուռ-Նուս գյուղի տարածքում ավազի հանքարդյունաբերությամբ զբաղվող «Մ.Լ.Մայնինգ» ՍՊԸ-ում և զբաղվել հանքավայրում բետոնե հենապատի կառուցմամբ։

2015 թվականի մարտի 12-ին՝ ժամը 17-ի սահմաններում, նշված աշխատանքների կատարման ժամանակ հենապատը փլուզվել է, որի հետևանքով վարորդ Ջ.Սարգսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Գ.Բուկուշյանը տեղում մահացել է։

Դեպքի առթիվ 12.03.15թ. Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։