Լրահոս
08.10.14, 08:30

Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

«Հայկական ժամանակ» օրաթերթի  լրագրող  Թագուհի Հովհաննիսյանը 2014թ. հոկտեմբերի  3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ.  սեպտեմբերի 19-ին Երևանի «Ալեքսանդր Սպենդիարյանի» անվան օպերայի և բալետի  պետական ակադեմիական թատրոնի շենքում՝ «Հայաստան-սփյուռք» համաժողովի աշխատանքների լուսաբանման ընթացքում, Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի ղեկավար Արտյուշա Կարապետյանը խոչընդոտել է իր լրագրողական գործունեությանը։

Մասնավորապես, ըստ լրագրողի, Ա.Կարապետյանին ուղղված հարցից հետո վերջինս իր  ձայնագրիչը ձեռքից վերցնելու, ինչպես նաև բջջային հեռախոսում եղած` տվյալ  գործողության  վերաբերյալ տեսաձայնագրությունը ջնջելու միջոցով խոչընդոտել է իր լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը:

Նկատի ունենալով, որ Թ.Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու հիմքեր՝ Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է նախաքննություն։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: