Լրահոս
30.04.21, 06:56

Հարուցվել է քրեական գործ (լուսանկարներ)

Հարուցվել է քրեական գործ (լուսանկարներ)

2021թ. ապրիլի 28-ին Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով, իսկ հարակից տարածքում՝ հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դիակի ինքնությունը պարզելու և օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հ.Գ. Նախօրեին մամուլում հրապարակվել է տեղեկատվություն, թե, իբր, քննիչներն ու ոստիկանները ժամեր անց են հասել դեպքի վայր: Հարկ ենք համարում նշել, որ դիակի հայտնաբերման մասին հաղորդումը Կոտայքի մարզի ոստիկանությունից Աբովյանի քննչական բաժնում ստացվել է 28.04.21թ. ժամը 11։30-ին։ Դեպքի վայրը բաժնից գտնվում է շուրջ 20 կմ հեռավորության վրա և մեքենայով դաշտամիջյան ճանապահով դեպքի վայր հասնելու տևողությունը շուրջ 35 րոպե է։ Դեպքի վայրի զննությունը, ըստ արձանագրության, քննիչի կողմից սկսվել է 12։30-ին՝ ահազանգը ստանալուց մեկ ժամ անց։

Կրկին կոչ ենք անում գործընկեր-լրատվամիջոցներին՝ զերծ մնալ կեղծ լուրեր տարածելուց և հրապարակել միայն ստուգված տեղեկատվություն: