Հարուցվել է քրեական գործ՝ մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։
ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Զաքարյանը 2015 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 06։30-ին, իրեն ամրակցված «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է դեպի Սյունիքի մարզի գյուղ Շաղաթ։
Նախնական տվյալներով՝ Սիսիան-Շաղաթ ավտոճանապարհին խախտելով տրանսպորտային մեքենաներ վարելու կանոնները՝ կորցրել է մեքենայի կառավարումը և վթարի ենթարկվել, որի հետևանքով մեքենայի թափքում և խցում գտնվող նույն գումարտակի զինծառայողներն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքները։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, որի հետեւանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: