Հարուցվել է քրեական գործ` Մեղրի-Երևան ավտոճանապարհին չորս մարդու մահվան պատճառ դարձած խոշոր ավտովթարի դեպքի աթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 4 անձանց մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
2015թ. հուլիսի 23-ին` ժամը 12:45-ին, հաղորդում է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 168-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Կապանի 36-ամյա բնակիչ Ա.Հովհաննիսյանը Մեղրի-Երևան ավտոճանապարհի 168-րդ կմ հատվածում իր կողմից վարած «Մերսեդես-Բենց E320» ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նշված գոտով ընթացող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդը՝ 50-ամյա Ս.Պողոսյանը, ուղևորներ 43-ամյա Ա.Գասպարյանը, Ուկրաինայի քաղաքացիներ 21-ամյա Ք.Գասպարյանը և 4-ամյա Մ.Ալեքսանյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները՝ Գ.Գասպարյանը, Ա.Ալեքսանյանը և Հ.Ալեքսանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ:
Դեպքի վայրի զննության ժամանակ «Մերսեդես-Բենց E320» ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրում չի եղել: Նրան հայտնաբերելու նպատակով գրություններ են ուղարկվել ոստիկանության Կապանի, Սիսիանի և Նոյեմբերյանի բաժիններ, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին:
Կատարվել են առգրավումներ, վերցվել փորձանմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: