Լրահոս
17.08.15, 08:11

Հարուցվել է քրեական գործ՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցած միջադեպի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցած միջադեպի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

 

2015թ. օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Ժառանգություն» կուսակցության մի խումբ անդամներ  «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և ՀԿ-ի  բնականոն աշխատանքը։ Ըստ դիմումատուի՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հարձակվել են իր և կազմակերպության մյուս անդամների վրա, ծեծի ենթարկել, որի ընթացքում իրեն պատկանող գազային ատրճանակից 2 անգամ կրակել է դեպի վեր, ինչից հետո վիճաբանության մասնակիցները դիմել են փախուստի, իսկ իրենք դիմել են ոստիկանություն:

 

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը եւ հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն)։

 

Կատարվում է քննություն, արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: