Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու՝ էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացու՝ էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկվելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2018 թվականի նոյեմբերի 25-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սապանդարյան-9-րդ կմ երկաթգծի ուղեհատվածում՝ թիվ 201 էլ.սյան դիմաց, Երևանի լոկոմոտիվային դեպոյի մեքենավարն իր վարած էլեկտրաքարշով վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված անձի, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործով պարզվել է մեքենավարի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1956 թվականին:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Օպերատիվ-հետախուզական մարմիններին հանձնարարություն է տրվել՝ տղամարդու ինքնությունը, դեպքին ականատես վկաների, վրաերթի իրական հանգամանքները, ինչպես նաև՝ Երևան քաղաքի Սապանդարյան-9-րդ կմ. երկաթգծի ուղեհատվածում, թիվ 201 էլ.սյան դիմաց տեսաձայնագրող սարքերի առկայությունը պարզելու կապակցությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: