Լրահոս
25.02.15, 15:33

Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի 19-ամյա բնակչուհու առևանգման դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի 19-ամյա բնակչուհու առևանգման դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Սյունիքի մարզի բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ։

2015 թվականի փետրվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան մայրուղով ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենայում ուղևորուհին օգնություն է խնդրում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչ Ի.Բալասանյանը, նախապես հանցավոր համաձայնության գալով իր ընկերների հետ, ամուսնության նպատակով առևանգել է նույն մարզի 19-ամյա բնակչուհուն։ 2015թ. փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, նրան նստեցրել են Սյունիքի մարզի բնակիչ Ա.Հովհաննիսյանի անձնական օգտագործման «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Կապան քաղաք:

Նույն օրը՝ ժամը 16:20-ին, ոստիկանության աշխատակիցների կողմից Կապան քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել է նշված ավտոմեքենան և ուղևորների հետ միասին բերման ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին:


Դեպքի առթիվ փետրվարի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 3 անձ ձերբակալվել է։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են համատեղ օպերատիվ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: