Լրահոս
30.12.15, 09:24

Հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:

ՍՊ ընկերության տնօրենից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կատարվել է պաշտոնեական կեղծիք։ Մասնավորապես՝ Վանաձորի քաղաքապետարանի կայք-էջի միջոցով հրապարակվել են համայնքի ղեկավարի՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1880-Ա թվագրումով որոշումները՝ սույն թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1836 –Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին՝ բովանդակային առումով փոփոխված տարբերակներով:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են  ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: