Լրահոս
22.08.16, 11:20

Հարուցվել է քրեական գործ՝ Վ.Արտաշատում հնչած կրակոցի դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Վ.Արտաշատում հնչած կրակոցի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզի բնակչին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:

2016թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 20:55-ին, «Աստղիկ» Բ/Կ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ կոտորակային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Արարատի մարզի Վ.Արտաշատ գյուղի բնակիչ, 1989 թվականին ծնված Գ.Բադալյանը:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ,  Գ.Բադալյանը ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ Գ.Բադալյանը մարմնական վնասվածքն ստացել է նույն գյուղի բնակիչ, 50-ամյա տղամարդու կողմից օգոստոսի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վ.Արտաշատ գյուղում՝ դեպի իր տուն տանող ճանապարհին:

2016 թվականի օգոստոսի 21-ին առերևույթ հանցագործություն կատարած անձն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և համալիր դատակենսաբանական, դատահետքաբանական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: