Լրահոս
20.01.17, 13:46

Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից լիազորություններն անցնելու դեպքի առթիվ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության

Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից լիազորություններն անցնելու դեպքի առթիվ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Հանրապետության հրապարակից բնակչուհուն բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից գրություն է ստացվել առ այն, որ բնակչուհի Ա.Առաքելյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում ծեծի է ենթարկվել, ապա նաև Ա.Առաքելյանը հաղորդում է տվել, որ  մայիսի 17-ին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում մի խումբ աշխատակիցներ իրեն կապել են մահճակալին ու ծեծի ենթարկել:

Հաշվի առնելով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարցաքննվել են բազմաթիվ անձինք, նրանց թվում՝ նշված կլինիկայի աշխատակիցներ, կատարվել դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում հաղորդման մեջ մատնանշված հանգամանքը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն Ա.Առաքելյանը չի ներկայացել փորձագետներին, չի մասնակցել նաև կլինիկայի աշխատակիցների հետ առերես հարցաքննություններին, ովքեր հերքել էին բռնություն կիրառելու հանգամանքը։

Նախաքննության ընթացքում  տուժողը հայտնել է, որ 2016թ. մայիսի 17-ին Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ մտնելուց հետո ոստիկանության աշխատակիցների կողմից  բերման է ենթարկվել՝ նշելով նրանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին։

Նկատի ունենալով, որ տուժողի հայտնած հանգամանքներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: