Լրահոս
25.09.21, 07:42

Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել՝ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իր նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության ավագ տեսուչն անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղով, որի ժամանկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ձայնային ազդանշան տալով, խոչընդոտել է նրա ավտոմեքենայի ընթացքը:

Ոստիկանության ծառայողը վերջինիս դիտողություն է արել՝ ճանապարհային երթևեկության կանոները խախտելու և վթարային իրավիճակ ստեղծելու կապակցությամբ, ինչին ի պատասխան՝ «Օպել»-ի վարորդը սպառնացել է ոստիկանության ծառայողին, բռնություն գործադրել նրա նկատմամբ, ինչի հետևանքով կոտրվել է վերջինիս մատնեմատը, քաշել պոկել է համազգեստի վերնաշապկի կոճակն ու կրծքանշանը, սեռական բնույթի հայհոյանքեր է հնչեցրել նրա և ոստիկանության ծառայողների հասցեին և դիմել փախուստի:

Պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: