Հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Մանուկյանի մահվան դեպքի առթիվ
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Մանուկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 17-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի բեկորային վնասվածքներ:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զինծառայողի մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: