Հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ. ծառայակիցը ձերբակալվել է
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: