Հասարակական մոնիտորինգի խումբը շարունակում և շարունակելու է իր բնականոն գործունեությունը. արձագանք հրապարակմանը
2019թ. հուլիսի 3-ին 1in.am կայքում հրապարակվել է հոդված՝ «Թոզփչոցին» ավարտվե՞ց. ՀԿ-ները դժգոհ են զինվորական գործերի բացահայտմանն ուղղված մոնիտորինգային խմբի աշխատանքներից» վերտառությամբ:
Անդրադառնալով հոդվածում վեր հանված հարցադրումներին՝ կարևոր ենք համարում նշել, որ Քննչական կոմիտեում ստեղծված մոնիտորինգային խումբը, որի կազմում ընդգրկված են Հասարակական կազմակերպություններ և ՔԿ աշխատակիցներ, ստեղծվել է 2018թ. հուլիսի 4-ին՝ զինծառայողների մահվան գործերով վիճահարույց քրեական գործերի նյութերն ուսումնասիրելու, հանրությանը համապատասխան եզրակացություն ներկայացնելու նպատակով։
Նշենք, որ խմբի ստեղծման օրվանից տեղի է ունեցել շուրջ 10 հանդիպում, ինչպես նաև կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ մահացած զինծառայողների հարազատների հետ:
Հասարակական մոնիտորինգի խմբում ընդգրկվել են այն հասարակական կազմակերպության անդամները, որոնք արձագանքել էին ավելի վաղ Քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարությանը:
Կարևորում ենք այն հանգամանքը, որ իր գործունեության ընթացքում խումբը գործել է դինամիկ, հանդիպումները կազմակերպվել են պարբերաբար, իսկ ՀԿ-ների կողմից բարձրացված հարցերը և կոնկրետ քրեական գործերը դարձել են քննարկման առարկա:
ՀԿ-ներին տրամադրվել են այն քրեական գործերի նյութերը, որոնց վերաբերյալ նրանց կողմից ներկայացվել է պահանջ: Ըստ պայմանավորվածության՝ Քննչական կոմիտեն, որպես նախաքննություն իրականացնող մարմին, խմբի անդամներին ուսումնասիրության առարկա հանդիսացող գործերի վերաբերյալ տրամադրել է անհրաժեշտ նյութեր, տարածք, աջակցել է, որպեսզի խմբի անդամները լիովին հնարավորություն ունենան՝ ծանոթանալու գործերի նյութերին: Այլ խնդիր է որոշ ՀԿ-ների՝ ՔԿ-ում գործի նյութերին ծանոթանալու դժգոհությունները՝ պայմանավորված ժամանակի սղությամբ կամ ինչ-ինչ պատճառներով:
Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած այն պնդմանը, թե ոչ բոլորի գործերն են առանձնացվել և քննության առարկա դարձել, ապա հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ քրեական գործերի ընտրությունը կատարվել է ՀԿ ներկայացուցիչների կողմից, ՔԿ ղեկավարությունը որևէ կերպ չի խոչընդոտել խմբի գործունեությանը և տրամադրել է խմբի անդամների կողմից մատնանշված գործերի նյութերը:
Հոդվածում նշված այն հանգամանքը, թե, իբր, «հանձնաժողովի նախագահ Արտակ Կրկյաշարյանը Տիգրան Օհանջանյանի գործով քննիչ է եղել, կոծկել է գործը, փչացրել է ապացույցները», որևէ աղերս չունի իրականության հետ, առավել ստույգ՝ հերյուրանք է:
Վերլուծելով իրավիճակը՝ տպավորություն է ստեղծվում, որ ինչ որ անձանց կողմից մոնիտորինգի խմբի աշխատանքը սևացնելու, խաթարելու նպատակ է հետապնդվում:
Մոնիտորինգի խումբը շարունակում և շարունակելու է իր բնականոն գործունեությունը, ընդ որում՝ աշխատանքային հանդիպումները կազմակերպվելու են ամեն երկու շաբաթը մեկ: