Պաշտոնական
14.09.16, 13:28

Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները պայմանավորվել են ստեղծել քննչական մարմինների ղեկավարների խորհուրդ (Լուսանկարներ)

Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները պայմանավորվել են ստեղծել քննչական մարմինների ղեկավարների խորհուրդ (Լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկում մասնակցել է Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 5-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանը և միջազգային հարցումների ապահովման բաժնի պետի տեղակալ Ս.Թաիրյանը:

Շնորհավորելով բելառուս գործընկերոջը մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը Բելառուսի քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչին պարգևատրել է «Համագործակցության համար» մեդալով՝ ՀՀ քննչական կոմիտեի հետ սերտ համագործակցությունն ապահովելու գործում ունեցած մեծ ավանդի համար:

Աշխատանքային այցի ընթացքում Ա.Հովսեփյանը մասնակցել է Բելառուսի  և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ  Իվան Նոսկևիչի և Ալեքսանդր Բաստրիկինի հետ եռակողմ հանդիպմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցությունը զարգացնելուն և նոր, առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելուն վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Աշխատանքային քննարկումների արդյունքներով երեք երկրների քննչական կոմիտեների նախագահներն ստորագրել են համատեղ հայտարարություն՝ միջգերատեսչական փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության վերաբերյալ։

Կողմերը կարևորել են հանցագործության և, մասնավորապես, անդրազգային հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը՝ պատրաստակամություն հայտնելով օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համատեղ միջոցառումների իրականացումը՝ հանցագործությունների կանխարգելման, քրեական գործերով նախաքննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Երեք երկրների ՔԿ նախագահներն աջակցություն են հայտնել ԱՊՀ անդամ-պետությունների քննչական կոմիտեների (նախաքննական այլ մարմինների) ղեկավարների խորհուրդ ձևավորելու նախաձեռնությանը և հույս հայտնել, որ Խորհրդի ձևավորումն էապես կնպաստի նոր մեխանիզմների ձևավորմանը՝ հանցավորության դեմ պայքարում, կանխարգելման գործում։

Հաշվի առնելով հանցագործությունների, մասնավորապես՝ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում կատարված հանցագործությունների բացասական ազդեցությունը քաղաքացիների և պետությունների վրա, ինչպես նաև՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով իրավապահ մարմինների միջգերատեսչական համագործակցության համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել համատեղ գործողությունները՝ քրեական գործերով իրավական օգնություն ապահովելու դիմում-խնդրանքների կատարման օպերատիվությունը բարձրացնելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի կողմից հուշամեդալներով պարգևատրվել են հայկական  պատվիրակության անդամները:


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղերձը՝ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 5-րդ տարելիցի կապակցությամբ