Պաշտոնական
20.10.23, 17:34

Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը հյուրընկալվել է ՀՀ քննչական կոմիտեում

Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը հյուրընկալվել է ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է պարոն Մարագոսին՝ Հայաստանում ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարումն ստանձնելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք է մաղթել՝ ի շահ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման։

Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ամրապնդման և այդ համատեքստում՝ դատաիրավական ոլորտի շարունակական բարեփոխումների գործընթացին։

Կարևորվել է վերջին շրջանում ՀՀ քննչական կոմիտեի և եվրոպական իրավապահ կառույցների՝ մասնավորապես «Եվրոջասթի» և «Եվրոպոլի» հետ արդյունավետ հաղորդակցության հաստատման իրողությունը՝ որը նպաստում է հատկապես անդրազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարին։

Դեսպան Մարագոսը նշել է, որ Հայաստանի բարեփոխումների հաջող ընթացքը հիմք է տալիս արդեն իսկ ձեռք բերված փորձի և գործիքակազմի հենքին դատաիրավական ոլորտում համագործակցության նոր նախագծեր իրականացնելու համար։ Դեսպանը հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի կարիքների և առաջարկությունների հենքին, աջակցելու օրենքի գերակայության ապահովմանը և հանցավորության դեմ պայքարում ռեսուրսների զարգացմանը միտված նոր համատեղ ծրագրերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի մասնագիտական ներուժի կատարելագործմանը, այդ նպատակով եվրոպական լավագույն փորձի փոխանցմանը, եվրոպական երկրների քննչական մարմինների հետ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված համագործակցության նոր հնարավորությունները։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարոն Մարագոսին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների, իրենց հայրենիքում ԼՂ բնակչության հետագա կեցությունն անհնարին դարձնելուն ուղղված պլանավորված և ամիսների ընթացքում հետևողականորեն իրականացված գործողությունների, ԼՂ բնակչության դեմ կատարված ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանության վերաբերյալ բոլոր այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մեծածավալ նախաքննությամբ։

Նա նշել է, որ այդ ամենն ուղեկցվել է ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորմամբ, քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություններով, գերեվարումներով,  դիերի անարգմամբ և այլն։ ՀՀ ՔԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել արդեն իսկ փաստագրված այդ տվյալները, ցանկության դեպքում, փոխանցելու միջազգային գործընկերներին։