Լրահոս
17.08.23, 14:33

«Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակցի օժանդակությամբ հափշտակվել է շուրջ 257 մլն. դրամ գումար. նրանց վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է

«Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակցի օժանդակությամբ հափշտակվել է շուրջ 257 մլն. դրամ գումար. նրանց վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակցի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վարդենիս քաղաքի 52 և 39-ամյա բնակիչները, աշխատելով «Հայփոստ» ՓԲ ընկերությունում, տարբեր ժամանակահատվածներում օժանդակել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետ Ա.Հ.-ի, նույն գործակալության երկու աշխատակիցների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելուն:

Մասնավորապես, «Հայփոստ» ՓԲ ընկերության հիշյալ աշխատակիցները, իրականացնելով «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունք առաքված ընտանեկան նպաստի գումարները նպաստառուների ցուցակում ընդգրկված՝ Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղերում բնակվող նպաստառուներին ստորագրությամբ հանձնելու գործառույթ, սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի և հիշյալ աշխատակիցների հետ հանցավոր համաձայնության գալով, նշված գյուղերում բնակվող բնակիչների անվամբ (առանց վերջիններիս գիտության) կեղծ տվյալներ ընդգրկելով, «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ իրենց կողմից սպասարկվող փոստային բաժանմունք ստացված և իրենց մոտ գտնվող գումարները հանձնել են հիշյալ գործակալության աշխատակցին:

Այնուհետև, ստացված գումարներն իբրև նպաստառուներին հանձնված լինելու հանգամանքը հաստատելու և հանցավոր գործողությունները թաքցնելու նպատակով, հիշյալ նպաստառուների անվան դիմաց ստորագրություն կատարելու համար կեղծ տվյալներ պարունակող ցուցակները հանձնել են նույն աշխատակցին, որից հետո նրա կողմից իրենց փոխանցված և կեղծ անվամբ անձանց դիմաց ստորագրություններ պարունակող կեղծ ցուցակները դրել են շրջանառության մեջ, այդ կերպ՝ խմբի կազմում օգտագործել դրանք՝ հաստատելով, թե իբրև իրականում նշված ցուցակներում ընդգրկված անձինք  են ստացել իրենց անվամբ հատկացված նպաստի գումարները:

Արդյունքում, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետը և հիշյալ երկու աշխատակիցները «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, խաբեության եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուրը 257.323.167 ՀՀ դրամ գումար։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Հիշյալ աշխատակիցների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար։

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: