Լրահոս
04.07.18, 15:41

Հայտարարություն՝ հասարակական մոնիթորինգի խումբ ստեղծելու մասին

Հայտարարություն՝ հասարակական մոնիթորինգի խումբ ստեղծելու մասին

Զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով պատշաճ քննություն կատարելու և պարզված հանգամանքների վերաբերյալ հասարակության տարբեր շերտերի կողմից շարունակվում են հնչեցվել վիճահարույց հայտարարություններ՝ կասկածի տակ դնելով կատարված քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը։

Նկատի ունենալով առկա չփարատված կասկածները և միաժամանակ ընդգծելով նախաքննության մարմնի նկատմամբ հասարակական վստահության ամրապնդման կարևորությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է ստեղծել հասարակական մոնիթորինգի խումբ, որին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել վիճահարույց քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։

Խմբի կազմում կարող են ընդգրկվել իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, ինպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները և ՓՊ–ի կողմից ներկայացված փաստաբանները։

Մոնիթորինգի խմբի անդամների ընտրության չափանիշները և գործունեության ձևաչափը քննարկելու համար բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներին հրավիրում ենք հանդիպման։

Հետաքրքրվածներին խնդրում ենք քննարկմանն իրենց մասնակցության վերաբերյալ հայտերն ուղարկել էլփոստով՝ նշելով ՀԿ-ի անունը և կոնտակտային անձի հեռախոսահամարը։

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 9-ը ներառյալ։

Էլփոստի հասցե՝ press@investigative.am