Հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող անձը
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող անձը: Վերջինս կալանավորվել է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին հրազենային վնասվածքներով Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անհայտ տղամարդու դի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել էր տուժողի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1990 թվականին: Պարզվել էր նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1996 թվականին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող շենքերից մեկի բակում՝ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող ատրճանակից ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կրակել է 29-ամյա երիտասարդի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
2019թ. հոկտեմբերի 11-ին որոշում է կայացվել՝ 23-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019թ. հոկտեմբերի 31-ին 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: