Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 40-ամյա տղամարդը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 40-ամյա տղամարդը տեղեկանալով, որ մի շարք ժամկետային զինծառայողներ մասնակցել են 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին և անհայտ է նրանց գտնվելու վայրը, խարդախությամբ գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ 2021թ. փետրվար-ապրիլ ամիսներն ընկած ժամանակահատվածում, հիշյալ զինծառայողների հարազատներին խաբել և համոզել է, որ վերջիններս մահացած չեն և գտնվում են գերության մեջ: Այնուհետև հարազատներին համոզել է հիշյալ զինծառայողներին ՀՀ վերադարձնելու համար իրեն կաշառք տալ՝ այդ կերպ խարդախության եղանակով նշված անձանցից հափշտակելով ընդհանուր 1 558 863 ՀՀ դրամ գումար:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 2022թ. մարտի 17-ին տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: