Լրահոս
13.11.17, 13:17

Հետախուզում է հայտարարվել բանկի մասնաճյուղի նախկին կառավարչի նկատմամբ

Հետախուզում է հայտարարվել բանկի մասնաճյուղի նախկին կառավարչի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի հաճախորդներից խարդախությամբ գումար հափշտակելու և յուրացնելու դեպքի մի շարք հանգամանքներ.  մասնաճյուղի նախկին կառավարչի նկատմամբ հայտարարվել է  հետախուզում:

Երկու քաղաքացուց տարբեր ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել առ այն, որ վերջիններս հանդիսանում են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի հաճախորդներ և իրենցից գումար է հափշտակվել:

Նախնական տվյալներով պարզվել է, որ մի դեպքում քաղաքացին ունեցել է ավանդ, իսկ մյուս դեպքում` սպառողական վարկ։ Քննությամբ պարզվել է, որ ավանդ ունեցող քաղաքացու անվամբ նույն բանկում բացվել է վարկային գիծ և խարդախությամբ հափշտակվել ավանդի ամբողջ գումարը՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափի նյութական վնաս: Մյուս դեպքում՝ Արագածոտնի մարզի բնակիչն ստացականով ենթադրյալ հանցագործություն կատարած անձին առձեռն տվել է գումար՝ սպառողական վարկի մարում կատարելու նպատակով, սակայն վարկը մարվել է մասամբ, իսկ գումարի զգալի մասը յուրացվել է՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:

Երկու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով կատարված քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հափշտակությունները կատարվել են նույն անձի կողմից և երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Պարզվել է ենթադրյալ հանցագործության մեխանիզմը, քաղաքացիներին պատճառված վնասի չափը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ  բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի նախկին կառավարչին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: