Լրահոս
14.08.15, 15:34

Հետախուզում է հայտարարվել վարորդի նկատմամբ. ավտովթարի հետևանքով մահացել էր 4 անձ

Հետախուզում է հայտարարվել վարորդի նկատմամբ. ավտովթարի հետևանքով մահացել էր 4 անձ


ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի մի շարք հանգամանքները, միջոցներ են ձեռնարկվում՝ երթևեկության կանոնները խախտելու մեջ մեղադրվող 36-ամյա Ալեն Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2015թ. հուլիսի 23-ին` ժամը 12:45-ին, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 168-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 4 անձ մահացել է, 3-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Կապանի 36-ամյա բնակիչ Ա.Հովհաննիսյանը Մեղրի-Երևան ավտոճանապարհի 168-րդ կմ հատվածում իր կողմից վարած «Մերսեդես-Բենց E320» ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, այնուհետև՝ ձախ կողնակ և բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդը՝ Ս.Պողոսյանը, ուղևորներ Ա.Գասպարյանը, Ք.Գասպարյանը և 4-ամյա Մ.Ալեքսանյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները՝ Գ.Գասպարյանը, Ա.Ալեքսանյանը և Հ.Ալեքսանյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ:

Հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հուլիսի 28-ին որոշում է կայացվել Ա.Հովհաննիսյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) և 244-րդ հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: