Միջազգային համագործակցություն
17.10.18, 11:54

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսին

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մասնակցել  է Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսին

ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը՝ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի գլխավորությամբ, ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսին։ Այն համախմբում է ամբողջ աշխարհի իրավապահ մարմինների հազարավոր աշխատակիցների՝ հանցավորության դեմ պայքարում փորձի փոխանակումն ու համագործակցությունն ապահովելու նպատակով։ Այցելությունը կազմակերպվել էր ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից։

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են անդրազգային հանցագործությունների, մասնավորապես՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի վաճառքի դեմ պայքարին, առանձնահատկություններին, անչափահասների առք ու վաճառքին, սեռական շահագործմանը և, ընդհանրապես, երեխաների նկատմամբ կատարվող հանցագործություններին, զոհակենտրոն միջավայրի ստեղծման և նրանց իրավունքների պաշտպանության հրամայականին վերաբերող մի շարք հարցեր։



Մասնակիցներն անդրադարձել են նաև հանցագործությունների բացահայտման գործում նոր սերնդի տեխնոլոգիաների հնարավորություններին, մասնավորապես՝ տեսաձայնային ապացույցների դրական և բացասական կողմերին, Մինչդատական վարույթի ընթացքում տեսաձայնային ապացույցների թույլատրելիությանը՝ հաշվի առնելով տարբեր երկրների դատաիրավական ոլորտի առանձնահատկությունները։

Հայկական պատվիրակությունը ունեցել է նաև երկկողմանի հանդիպումներ ԱՄՆ-ի, Վրաստանի և Կոսովոյի գործընկերների հետ, որոնց արդյունքում ձեռք են բերվել փոխգործակցությունը զարգացնելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ։

Բացի այդ՝ քննարկումներ են ունեցել Վիկ տեղեկատվության հավաքագրման կենտրոնի ներկայացուցիչների հետ, ծանոթացել ծրագրի տեխնիկական լուծումներին (երեխաների շահագործման դեմ պայքարի նորաստեղծ ծրագիր), որի կիրառմամբ հնարավորություն է ստեղծվում նույնականացնել անձին, պարզել երկրի մասշտաբով նրա գտնվելու տեղը՝ կոնկրետ ժամանակահատվածում, բացի այդ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննության, քննության և փորձաքննությունների համար ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին։



Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկելու՝ Վիկ տեղեկատվության հավաքագրման կենտրոնի ծրագրին (շտեմարանին) ՀՀ քննչական կոմիտեի միանալու հնարավորության հարցը։

Ա.Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև Օրանժ վարչաշրջանի Շերիֆի գրասենյակ, ծանոթացել քրեական գործերի վիճակագրության ավտոմատացված ծրագրին։