ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի մարդու իրավունքների հանձնակատարի պատվիրակությանը (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն այսօր ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի մարդու իրավունքների հանձնակատարի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել Երևանում ԵԽ գրասենյակի փոխտնօրեն Լորետա Վիոյուն, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովան, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի խորհրդական Անջեյ Մանցևիչը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի, քննության առանձնահատկություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված քայլերը՝ ընտանեկան բռնության դեպքերի առթիվ իրականացվող քննությունն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև` դրանք կանխելու ուղղությամբ:
Ա.Ղամբարյանը նշել է նաև, որ Քննչական կոմիտեում վարվում է վիճակագրություն՝ ընտանեկան բռնությունների դեպքերի վերաբերյալ, որը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել ընտանեկան բռնությունների տարածվածության աստիճանի, նպաստող պայմանների մասին:
Հանդիպման ընթացքում կարևորվել է հատկապես անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների պատշաճ քննությունը և փաստվել, որ նման դեպքերի քննությունն իրականացվում է անչափահասների գործերով որակավորված քննիչների կողմից:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովան շնորհակալություն է հայտնել՝ խնդիրը հետաքրքիր և համակողմանի ներկայացնելու համար և նշել, որ ընտանեկան բռնությունների հարցի նկատմամբ մոտեցումների և մտածելակերպի դրական փոփոխություն է նկատվում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը։