Պաշտոնական
13.06.23, 17:18

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը և ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը քննարկել են գործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները (լուսանկարներ)

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը և ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը քննարկել են գործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Ջեյն Ջենսենին։

Արսեն Այվազյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հավելել է, որ առանձին քրեական վարույթներով ԱՄՆ հյուպատոսարանի հետ տեղեկատվության փոխանակման նշանակալի փորձառություն է կուտակվել, որը հիմնված է հանցագործության դեպքերի բացահայտման հարցում առկա փոխըմբռնման վրա։

Պարոն Այվազյանը կարևոր է համարել հատկապես ԱՄՆ հյուպատոսարանի հետ գործակցության խորացումը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում հայկական մեծ համայնքի առկայությունը, երկու երկրների քաղաքացիների ակտիվ տեղաշարժերը և դրանցով պայմանավորված՝ հնարավոր հանցավոր դրսևորումների կանխման կամ բացահայտման անհրաժեշտությունը։

Տիկին Ջենսենը ևս ընդգծել է հատկապես ԱՄՆ հյուպատոսարան կեղծ փաստաթղթեր ներկայացվելու դեպքերին օպերատիվ արձագանքելու շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի հետ տարվող աշխատանքի արդյունավետությունը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ավելի ինտենսիվ դարձնել ուղիղ հաղորդակցությունը՝ ելնելով առաջին հերթին Հյուպատոսարանի գործառույթներին առնչվող երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև՝ հանցավորության դեմ պայքարի կարևորությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող ԱՄՆ քաղաքացիների դատավարական իրավունքների պաշտպանությանը, ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հյուպատոսարանի միջև հաղորդակցության կառուցակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր։

Տիկին Ջենսենը շնորհակալություն է հայտնել Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող վարույթների առնձնահատկությունների, դատավարական ընթացակարգերի մասին տրված տեղեկատվության համար։